«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում, նոյեմբերի 19-ին կանցկացվի «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը:

Ժողովին իրենց մասնակցության եւ ելույթի հայտն են ներկայացրել  իմունոգենետիկայի եւ փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից:

Առաջին անգամ գիտաժողովին հրավիրվել են մասնագետներ տարածաշրջանից:

Կքննարկվեն HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:

Գիտաժողովի բացման արարողությանը իրենց ողջույնի խոսքով կներկայանան ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը , Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) նախագահը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամի պատվավոր նախագահը եւ այլոք: