Այսօր համայն մարդկությանը սպառնում են բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են, մասնավորապես, աղքատությունը եւ սովը: Երկրագնդի բնակչության աճին հակառակ` նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը: Մտահոգված պարենամթերքի դեֆիցիտով, միջազգային տարբեր կազմակերպություններ առաջարկում են ավելացնել պարենամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես` ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆն առաջարկել է պարենամթերքի արտադրության ծավալները ավելացնել` զարգացած երկրներում 70 տոկոսով, իսկ զարգացող երկրներում` կրկնակի անգամ: Պարենամթերքի դեֆիցիտը իր հետ առաջ է բերում սննդամթերքի գների կտրուկ թանկացումներ, որի հետեւանքով մարդկությանը սպառնում է սովը: Տրամաբանական է, որ ցանկացած նորմալ երկիր պարենամթերքի աճ կարող է ապահովել միայն ի հաշիվ իր երկրի բնական պաշարների արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության ինտենսիվացման:
Հայաստանը դասվում է զարգացող երկրների շարքին, ընդ որում, նրա ընդհանուր տարածքի միայն 46,8 տոկոսն է հնարավոր օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: Խորհրդային տարիներին պետությունը հսկայական ֆինանսական միջոցներ ներդնելով բազմաթիվ խամ ու խոպան հողեր վերածեց մշակելի հողերի եւ մեզ որպես ժառանգություն թողեց 494,3 հազար հա վարելահողեր, 63,8 հազար հա բազմամյա տնկարկներ, 138,9 հազար հա խոտհարքներ, 694 հազար հա արոտավայրեր: Սակայն դժբախտաբար, վերջին տարիներին երկրում իրականացված եւ իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետեւանքով առկա հողային պաշարները արդյունավետ չօգտագործվեցին, որի պատճառով վարելահողերի զգալի մասը շարքից դուրս է եկել, բերրիությունը կտրուկ նվազել է եւ փաստորեն մեր մշակելի հողային պաշարները վերածվում են անապատի: Այս կապակցությամբ, հրապարակավ բազմիցս ահազանգել ենք, որ երկրի 560 հազար հա մշակելի հողերի կեսից ավելին այսօր չի մշակվում, որը Հայաստանի նման սակավահող երկրի համար, մեղմ ասած`անթույլատրելի է: Անթույլատրելի է նաեւ մշակելի հողերի որոշ մասի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործումը:
Հողերի չմշակման հետեւանքով հասցված վնասին զուգահեռ, այժմ էլ գյուղնախարարությունն առաջարկում է ֆինանսական միջոցները տնտեսելու նպատակով հրաժարվել հողը վարելու գործընթացից եւ անցնել անվար տեխնոլոգիայի: Ըստ իս, սա աբսուրդային առաջարկ է: Իմ այս տեսակետը բաժանում են նաեւ գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ մասնագետներ եւ գյուղացիներ: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդային տարիներին գործում էին միութենական եւ հանրապետական նշանակության երկրագործության, հողագործության, ագրոնոմիայի եւ գյուղատնտեսական այլ ուղղվածության բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ եւ այլ հաստատություններ, որոնցում աշխատում էին բազմաթիվ հայտնի գիտնականներ, սակայն նրանցից ոչ մեկի մտքով երբեւէ չի անցել ՀՀ –ում կիրառել առանց վարի մշակություն: Ճիշտ է, նախկին ԽՍՀՄ որոշ հողատարածքներում նախկինում էլ, ներկայումս էլ կիրառվում է հողի անվար մշակության տեխնոլոգիա, սակայն այստեղ հաշվի են առնվում տեղի բնակլիմայական պայմանները, հողերի տեսակները, նրանց կազմը եւ այլն: Հայաստանի պարագայում այս ամենը հաշվի չի առնվում: Չեմ զարմանա, եթե հանկարծ մի օր էլ լսենք, որ գյուղնախարարությունը գյուղացիներին առաջարկում է հրաժարվել գյուղտեխնիկայի օգտագործումից, վերադառնալով հողը մշակելու պապական եղանակներին, դա հիմնավորելով էկոլոգիական վիճակի մասին իրենց «մտահոգությամբե, ինչը իբր կարող է բերել նաեւ վառելիքի տնտեսման:
Կարծում եմ նաեւ, որ Հայաստանում ոմանց ձեռնտու է, տեղական գյուղարտադրությունը զարգացնելու փոխարեն, դրսից ներկրել պատրաստի գյուղատնտեսական պարեն, ինչը կբերի մենաշնորհի եւ դրանց գները կթելադրվեն ներկրողի կողմից: Սա կվտանգի երկրի պարենային քաղաքականությանը եւ կբերի գյուղատնտեսության ոլորտի կորստին:
Չնայած ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն, որը հրաշալի է, սակայն գյուղացիներից շատերը չեն զգում գյուղնախարարության աջակցությունը, իսկ այս տարի, նախորդ տարվա համեմատ, քիչ ավելի շատ բերք ստանալը, դեռ չի նշանակում, որ մենք ստացել ենք բավարար քանակությամբ բերք, այլ ուղղակի պետք է ասել, որ այս տարի կլիմայական պայմանները համեմատաբար բարենպաստ էին:
Այսօր պետությունը գյուղի հետ կապված երկու կարեւոր խնդիր ունի լուծելու` գյուղական աղքատության նվազեցում (կամ վերացում) եւ բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովում: Գյուղական աղքատության նվազեցման առումով, փոխանակ գյուղնախարարությունը կանգնի աղքատ գյուղացու կողքին, օգնի նրան աղքատությունը նվազեցնելու տարբեր ծրագրերով, շրջանառության մեջ է դրել «ՀՀ –ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման» վտանգավոր մի հայեցակարգ, որով նախատեսվում է խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացում եւ փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների լուծարում, որը նշանակում է` աղքատ գյուղացուց խլել հողը եւ այն տալ հարուստներին: Կարծում եմ, այս հայեցակարգի ընդունումը կբերի «գյուղացի» հասկացության իսպառ վերացմանը` գյուղացուն վերածելով վարձու աշխատողի:
Գյուղերի եւ գյուղական համայնքների զարգացմանը նպաստելու փոխարեն, կառավարության կողմից վաղուց շրջանառության մեջ է դրված «ՀՀ –ում գյուղական համայնքների խոշորացման կործանարար մի հայեցակարգ, որով նախատեսվում է գյուղական մի քանի համայնքների միավորում 1 համայնքի շուրջ: Կարծում եմ, այս հայեցակարգը ընդունելով, այն համայնքը, որտեղից կընտրվի գյուղապետը` կզարգանա, իսկ մյուս համայնքները (այն է` գյուղերը) ժամանակի ընթացքում կհայտնվեն կործանման շեմին, կդատարկվեն եւ կվերածվեն պատմական հնությունների, եւ մենք կկորցնենք «գյուղ» հասկացությունը:
Իրավիճակի խորը վերլուծությունը ինձ թույլ է տալիս անելու հետեւյալ եզրակացությունը. եթե ագրարային քաղաքականությունը մեր երկրում այսպես շարունակվի, ապա մենք գործ կունենանք արդեն ոչ թե գյուղերում ապրելու եւ աշխատելու պայմանների բացակայության պատճառով մեծ չափերի հասած արտագաղթի, այլ` պարզապես կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ:
Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի փոխնախագահ




























