Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) արձագանքել է NEWS.am կայքում նոյեմբեր 18-ին հրապարկված «Visa-ն, հայկական բանկերն ու էլեկտրոնային առեւտուրը» հոդվածին:
ԻՏՁՄ նամակի մեջ մասնավորապես նշված է. «Հոդվածում բանկերի որոշ ներկայացուցիչներ հավաստիացնում են, որ չեն հրավիրվել ս.թ. նոյեմբերի 9-ին ԻՏՁՄ կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր ՀՀ-ում էլեկտրոնային առեւտրի ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների եւ վերհանված խնդիրների վերաբերյալ առաջարկությունների միջանկյալ ամփոփմանը:
ԻՏՁՄ հայտնում է, որ միջոցառման մասնակցության հրավեր են ստացել միայն վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, սակայն, միաժամանակ կարեւորելով քննարկվող թեման եւ դրա նկատմամբ հետաքրքրություն հայտնած կողմերի բազմազանությունը, միությունը կլոր սեղան-քննարկման հայտարարությունն ուղարկվել է նաեւ ՏՀՏ ոլորտի ընկերություններին: Այլ ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել միջոցառման մասին տեղեկանալ լրատվամիջոցներում նախօրոք տեղադրված հայտարարություններից: Միությունը ցավում է, որ բանկային ոլորտը չի տեղեկացել եւ ներկա չի գտնվել այս միջոցառմանը»:
Այնուհետեւ ԻՏՁՄ-ն նշում է, որ դեկտեմբերի 9-11-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առեւտրին: Բանկային ոլորտի ներկայացուցիչները միջոցառման մասին կտեղեկացվեն Հայաստանի Բանկերի միության միջոցով:



























