Իրանի դատարանը դատապարտել է լրագրող և կանանց իրավունքների պաշտպան Ժինա Մոդարես Գորջիին։ Այս մասին հայտնում է իրանական Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը։
Իրավապաշտպանների տվյալներով, ակտիվիստուհուն 10 տարով ազատազրկել են «կառավարությունը տապալելու նպատակով ընդհատակյա խումբ ստեղծելու», ևս 10 տարով «թշնամական խմբերի և կառավարությունների հետ համագործակցելու» և 1 տարով՝ Իրանի «կառավարության դեմ քարոզչության համար» հոդվածներով։ Հաշվի առնելով պատժի գումարումը՝ նա ստացել է 10 տարվա ազատազրկում։
Ժինա Մոդարես Գորջիին, մասնավորապես, մեղադրել են «իշխանությունը տապալելու նպատակով ֆեմինիստական գաղափարախոսությամբ կազմակերպություն ստեղծելու», «բողոքի ակցիաներին մասնակցելու և կարգախոսներ արտահայտելու», «հակահեղափոխական տարրերի հետ շփվելու», «միջազգային կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու» և Մահսա Ամինիի մահից հետո «հասարակության մեջ լարվածություն ստեղծելու» մեջ։
Ակտիվիստուհին հետաքննվելու է նաև «կեղծ տեղեկություններ տարածելու և մարդկանց բռնություն գործադրել հրահրելու» գործով։ Գործը փոխանցվել է Սանանդաջ քաղաքի երկրորդ քրեական դատարան։




























