Գործարար Սիլվա Համբարձումյանը մտավախություն ունի, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կկրկնի իր հանդեպ կիրառած բռնի գործողությունները:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ինքը` Սիլվա Համբարձումյանը: Նրա խոսքով, դա է պատճառը, որ ինքը դիմել է, որ իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանով:

Ս. Համբարձումյանը նշել է, որ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում վերջին միջադեպից հետո, Սուրեն Խաչատրյանը մինչ օրս իր հասցեին սպառնալիքներ չի հնչեցրել:

«Այս պահին դեռ թիկնապահն էլ  չեմ վերցրել  երկուշաբթի նոր կվեցնեմ: Թիկնապահ խնդրել եմ միայն Սուրեն Խաչատրյանից պաշտպանվելու նպատակով, քանի որ ուրիշից պաշտպանվելու խնդիր չունեմ:  Ես կյանքում` կյանք չեմ տրորել»,- ավելացրեց Սիլվա Համբարձումյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այս դեպքում ինքն է առաջինը «տրորել» Սուրեն Խաչատրյանին, արձագանքեց.«Ոչ: Այստեղ միայն այդ 102 միլիոնի խնդիրն է: Ես նրան ճանաչել եմ միայն այս տարվա գարնանից»:

Հիշեցենք, որ ավելի վաղ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  նոյեմբերի 10-ին մամուլում տպագրվել է Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Մամուլի տվյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները: