ԱԳՆ-ի շենքի դիմացից բերման ենթարկված 29 քաղաքացիները զանգվածային անկարգության մեղադրանքով են ձերբակալվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նրա խոսքով, դա ենթադրում է 4-8 տարի ազատազրկում:

«Բայց մենք բոլորս տեսանյութերում տեսել ենք, որ այդտեղ զանգվածային անկարգություն չկա: Մի ակնթարթում հետևից ինչ-որ բան նետվեց, և սկսեցին ձերբակալել: ՈՒ՞մ են ձերբակալում. Սարկավագներին, որոնք հոգևորական հագուստով էին, առաջին շարքում կանգնած մարդկանց»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 31-ին, ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Ակցիայի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև բախում սկսվեց, ինչի հետևանքով բերման ենթարկվեց 29 քաղաքացի: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով, բախման ընթացքում երեք ոստիկան վնասվածք էր ստացել: