Հայաստանում կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, հիշեցնելով, որ երկրի վարչապետը ՀՀԿ-ի կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը կազմակերպում է դպրոցում:
Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է.
«Երկրի նախագահը արդյունաբերողների եւ գործարարների համաժողովին հայտարարում է քաղաքականության ու գործարարության տարանջատման մասին, իսկ վարչապետը` հեռավոր Բրյուսելում մեծ պաթոսով հայտարարում է 20-ամյա մեր հանրապետության պատմության մեջ 2012-ին ակնկալվող աննախադեպ արդար, թափանցիկ ու հրապարակային ընտրությունների մասին, մինչդեռ այժմ ես կմատնանշեմ երեւույթներ, որոնք վերոնշյալ հայտարարությունների ճիշտ հակառակի մասին են վկայում:
«Ժառանգություն»-ը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ հակառակ ՀՀ գործող օրենքների` կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է:
Վարչապետը կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը կազմակերպում է դպրոցում, այսինքն դպրոցում իրականացնում է քաղաքական քարոզչություն, որն արգելված է օրենքով: Միեւնույն ժամանակ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հանրապետության առաջին արտգործնախարարի հանդիպումներն ուսանողների հետ արգելվում են` դրանք որակելով որպես քաղաքական քարոզչություն:
Եթե պայմանագրային հիմունքներով կրթական հաստատությունների դահլիճները վարձակալությամբ կարող են օգտագործվել այդ նպատակներով, ապա դրա մասին իշխանությունը թող հայտարարի եւ թող դա նախադեպ հանդիսանա, որպեսզի ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին եւս տրվի այդ հնարավորությունը:
Նույն վիճակն է հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ տնօրենների մեծամասնությունը հանրապետական է, իսկ կրծքանշանը` վահան, այնինչ տնօրենի թեկնածության հավաստագրման քննություններին հանրապետական կրծքանշանով բազմաթիվ կտրված գործող տնօրենները բացահայտեցին իրենց անհամատեղելիությունը կրթությունը կազմակերպողի դերի հետ:
Սա նույնպես կուսակցության խայտառակությունն է, իսկ որոշ դպրոցներում շողոքորթությունն այն աստիճանի է հասել, որ պատերին հանրապետական կուսակցության խորհրդանիշներն են փակցված:
Մարզերում կոալիցիոն կուսակցությունների խորհրդանիշներն ամենուրեք անթույլատրելի տեղերում են` գյուղապետարանների, մշակույթի պալատների, քաղաքապետարանների ճակատներին, այսինքն հանրային սեփականությունն ամենուրեք նույնացվել է կոալիցիոն կուսակցությունների հետ:
Օրինազանցությունը հասել է այն աստիճանի, որ ՀՀ պետական բյուջեն է սկսել նույնացվել կուսակցական բյուջեների հետ, օրինակ` Եվրոպայի ժողովրդական կուսակցության հրավերով Հանրապետական կուսակցությունն ու իր կոալիցիոն գործընկերը կուսակցական գործերով, պետական բյուջեի հաշվին իրենց կողմնակիցների հետ հատուկ ինքնաթիռով մեկնում են Բրյուսել:
Կամ Պետական բյուջեով ֆինանսավորվող երիտասարդական հիմնադրամի գործունեությունը կարծես ամբողջապես ծառայում է հանրապետական կուսակցության երիտասարդական թեւին, որի ցցուն օրինակը նոյեմբերի 10-ին Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում Վարչապետի խոսքն էր:
Կամ կուսակցությունների բարեգործական կոչվող տարբեր միջոցառումներ, որոնք քարոզվում են հեռուստատեսությամբ:
Նման համատարած ապօրինությունները, քաղաքական մրցակցության անհավասար պայմանները դարձել են սովորական:
Այսպե՞ս են երկրի նախագահն ու վարչապետը երաշխավորում ազատ եւ արդար ընտրությունները: Այդպե՞ս եք ապահովում հավասար պայմաններ, երբ Հանրապետականի երիտ թեւի համար կազմակերպած մեկ համերգի կամ Հանրապետական կուսակցական պատվիրակության մեկ ուղեւորության վրա պետության միջոցներից ավելի շատ փող է ծախսվում, քան ընդդիմադիր խորհրդարանական մի կուսակցության տարվա պետական ֆինանսավորման վրա:
Հիմա որի՞ն հավատա մեր հասարակությունը` համաժողովներում կամ Եվրոպայում արտասանած ճառերին, թե՞ մեր անարդար ու անօրեն իրականությանը»:



























