ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը հայտարարում է, որ Արդարադատության նախարարությունում իրեն չեն հաստատում ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է «Նաիրիտի» հարցով 31 մլն դոլարի անհետացման մասին, դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Հ. Առաքելյանը` պարզաբանելով իր եւ կառավարության միջեւ ծագած անհամաձայնության պատճառը: Նրա խոսքով, հիմա վարչապետն ուզում է իրեն նեղը գցել, իր քննադատության համար:

Առաքելյանը նշեց, որ նոյեմբերի 18-ին կառավարություն ուղարկված ֆաքսերի հեղինակն, իսկապես, ինքն է, որը կառավարությունը ներկայացրեց որպես շանտաժ ու սպառնալիք:

Հ. Առաքելյանի ներկայացմամբ, մամուլին ամբողջությամբ չեն ներկայացվել այդ նամակները. մասնավորապես, «Նաիրիտի»  շուրջ բարձրացված մտահոգությունը,  որի պատճենն ինքն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։

Հիշեցենք, որ ուրբաթ օրը Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում, ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, փորձ է արվել սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին:

«Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Կայքում ներկայացված է Հարություն Առաքելյանի գրությունը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որում ասվում է.

«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր... Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:

Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին... կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն... Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու...»: