Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից, 2023թ. ԵԱՏՄ ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները ավելացել են 3,8 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Անցած տարվա արդյունքներով «հնգյակի» ՀՆԱ-ն, դուք լավ գիտեք, ավելացել է 3,8 տոկոսով՝ առաջ անցնելով աճի համաշխարհային տեմպերից։ Կայուն բարձրանում է իրական աշխատավարձը, իջնում են գործազրկության ցուցանիշները, եւ այս ամենը՝ անբարենպաստ արտաքին միջավայրի, միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետության եւ աճող պատժամիջոցային ճնշման ֆոնին՝ առաջին հերթին Ռուսաստանի եւ Բելառուսի վրա»,- ասել է նա։
Միշուստինն ավելացրել է, որ միության ստեղծման պահից փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել է գրեթե երկու անգամ, գյուղտնտարտադրանքինը՝ ավելի քան մեկ քառորդով, իսկ արդյունաբերությանը՝ 20 եւ ավելի տոկոսով։ «Այդ ցուցանիշներն ավելացել են 1,5 եւ 5,5 տոկոսով համապատասխանաբար»,- նշել է վարչապետը։
Նա շեշտադրել է այն, որ 10 տարում ԵԱՏՄ-ում ստեղծվել է կարգավորման ինքնատիպ վերազգային համակարգ, որը սահմանում է միասնական պահանջներ մասնակից երկրների ապրանքների համար։ Նա նաեւ հիշեցրել է, որ հաստատվել են մոտ հիսուն տեխնիկական կանոնակարգեր, որոնք ընդգրկում են ընդհանուր շուկայի արտադրանքի 85 տոկոսը, ինչը կարեւոր է որակյալ եւ հուսալի ապրանքների առաքման, առեւտրի պարզեցման համար։





























