Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 21-ին, ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի պատվիրակությանը` տնօրեն Դեյվիդ Լիլիի գլխավորությամբ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը փոխվարչապետին տեղեկություններ են ներկայացրել Հայաստանում իրենց գործունեության, ինչպես նաեւ հետագա անելիքների մասին:
Խաղաղության կորպուսի կամավորները Հայաստանի համայնքներում գործունեություն են ծավալում երեք` անգլերենի դասավանդման, համայնքի եւ բիզնեսի զարգացման, առողջապահական եւ բնապահպանական կրթության ուղղություններով: Տեղեկացվեց, որ առողջապահական եւ բնապահպանական ծրագրերը կավարտվեն 2012թ-ին, իսկ մյուս երկուսը կշարունակվեն` ընդլայնելով շրջանակը:
Փոխվարչապետը ողջունել է Խաղաղության կորպուսի ծրագրերի իրականացումը` նկատելով, որ համայնքների զարգացման խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության, աշխատանքների համակարգման վերաբերյալ: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին իրենց հետագա աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել նաեւ Տարածքային կառավարման նախարարության խորհուրդները, ինչպես նաեւ համագործակցել մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող ՏԿՆ գործընկեր կազմակերպությունների հետ:



























