Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորները հիմնել են միջկուսակցական խումբ, որն զբաղվելու է չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված հարցերով։ Այս մասին տեղեկացրել է Yomiuri թերթը։
«Աշխարհում կան շատ բաներ, որոնք մենք չենք հասկանում, բայց կփորձենք հասկանալ դրանք։ Խնդիրները շատ են, եւ շատ կարեւոր է, թե ինչպես կհաղթահարենք դրանք»,- առաջին նիստի ժամանակ ասել է խմբի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Յասուկաձու Համադան։
ՉԹՕ-ների գծով միջկուսակցական խումբն ընդգրկում է մոտ 80 պատգամավորի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդդիմադիր կուսակցություններից։ Խմբի գլխավոր քարտուղար է նշանակվել նախկին վարչապետ Ձյունյիտիրո Կոիձումիի որդին՝ երիտասարդ եւ մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ Սինձիրո Կոիձումին։
Միջկուսակցական խմբի ստեղծման նախաձեռնողների կարծիքով՝ Ճապոնիայի երկնքում նկատված օբյեկտները կարող են լինել այլ երկրների նորագույն սպառազինությունների կամ անօդաչու հետախուզական սարքերի նմուշներ։ Այդ դեպքում, համոզված են նրանք, այդ օբյեկտները սպառնալիք են ներկայացնում Ճապոնիայի անվտանգությանը։
Բացի այդ, խումբն ակնկալում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ՉԹՕ-ներին վերաբերող հարցերում։





























