Իր ստեղծումից 150 տարի հետո պլաստիկը հասցրել է դառնալ իսկական խնդիր Երկրի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկի մանր մասերը տառացիորեն զավթել են մոլորակը, դրանք կան ջրում, հողում, օդում, ինչպես նաեւ թռչունների, մարդկանց, կենդանիների մարմիններում, ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսում, գրել է Futurism-ը։

Գիտնականների անհանգստությունն է առաջացնում նաեւ աղբի հսկայական բիծը, որը լողում է Խաղաղ օվկիանոսում եւ սպառնում տեղի էկոհամակարգերին։ Ծովային գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է սունկ օվկիանոսում, որն ուտում է պլաստիկե աղբը, գրել է «Ֆոկուսը»։ Սունկն ստացել է Parengyodontium album անունը եւ հայտնաբերվել այլ միկրոբների բարակ շերտերում, որոնք ապրում են լողացող պլաստիկե աղբի ներսում եւ շուրջը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում։ Հետազոտողները նշում են, որ սա արդեն չորրորդ ծովային սունկն է, որը կարող է կլանել եւ տրոհել պլաստիկե մնացորդները։

Գիտնականներն ուսումնասիրել են սունկը եւ եկել այն եզրահանգման, որ այն կարող է քայքայել պոլիէթիլենը ածխածնի հիմքի վրա, որը ենթարկվում է ուլտրամանուշակագույնի ազդեցությանը։ Պլաստիկի այս տեսակն է առավել տարածվածը եւ հաճախ օգտագործվողը սպառողական ապրանքների համար, այդ թվում շշերի եւ այլ մթերքների փաթեթների։ Նախորդ հետազոտությունները եւս ցույց են տվել, որ պոլիէթիլենն է պլաստիկի այն տեսակը, որն ամենից շատ է աղտոտում օվկիանոսը։

Հետազոտության առաջատար հեղինակ, ծովային կենսաբան եւ կենսաքիմիկոս Աննիկա Վակսմաայի (Նիդեռլանդների ծովային հետազոտությունների Թագավորական ինստիտուտ)  խոսքով՝ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույնը ինքնին կարող է մեխանիկորեն քայքայել պլաստիկը։ Բայց նոր արդյունքները ցույց են տալիս, որ այն նաեւ նպաստում է ծովային սնկերի կողմից պլաստիկի քայքայմանը։

Օվկիանոսները լիքն են պլաստիկե աղբով, եւ ամենալավ ռազմավարությունը պլաստիկի օգտագործումից խուսափելն է։ Միեւնույն ժամանակ, գիտնականները դեռեւս փորձում են  մշակել արդյունավետ ռազմավարություններ, որոնք կարող են մեղմել աղտոտման հետեւանքները եւ հեռացնել Երկրի ջրային տարածքներն աղտոտող աղբը։ Ավաղ, այս խնդիրն իրականանցնելն այնքան էլ հեշտ չէ։ Օրինակ, պլաստիկի աղբահանումը մեծ ցանցերով կարող է տագնապեցնել ծովային կյանքը, իսկ դրա փորձերը բավական թանկ արժեն եւ ծախսատար են։

Գիտնականների խոսքով՝ այս իրադարձությունների ֆոնին սնկի հայտնաբերումը, որը կարող է արագացնել պլաստիկի քայքայման գործընթացը, նոր հետաքրքիր շրջադարձ է։ Սակայն դա եւս համադարման չէ։ Արդյունքները ցույց են տալիս, որ լաբորատորիայում աճեցված սունկը կարող է քայքայել ուլտրամանուշակագույնի մշակած պլաստիկը օրական մոտ 0,05 տոկոս արագությամբ։ Սա արդեն մի բան նշանակում է, բայց մանրէներին ժամանակ է պետք, որպեսզի «գլուխ հանեն» խաղաղօվկիանոսյան աղբի Մեծ բծից։

Միեւնույն ժամանակ, գիտնականները կարծում են, որ Երկրի վրա կարող են գոյություն ունենալ ավելի շատ օրգանիզմներ, որոնք կարող են քայքայել պլաստիկը, պարզապես պետք է գտնել դրանք։