Գիտնականների խումբը տեղեկացրել է անակնկալի մասին, որը նրանց մատուցել է վագրակերպ շնաձուկը, երբ փսխել է ցամաքային փշոտ կաթնասուն, որը ոզնու նման է եղել, գրել է USA Today-ը։

Ջեյմս Կուկի համալսարանը (JC) օրերս հայտարարել է, որ դա, գուցե, աշխարհում առաջին դիտարկումն է. թիմը նկատել է, թե ինչպես է վագրակերպ շնաձուկը փշոտ եքիդնա փսխել, որը սովորաբար ապրում է Ավստրալիայում եւ Նոր Գվինեայում։

Ջեյմս Կուկի համալսարանի հետազոտողները, որոնք զբաղվում են ծովային կենդանիների թվանշմամբ Քվինսլենդի հյուսիսում, Օրփեոս կղզու ափերի մոտ, 2022թ. մայիսին «ցնցվել» են, երբ տեսել են, թե ինչպես է շնաձուկը փսխում կենդանուն։

Դոկտոր Նիկոլաս Լյուբիցը եւ նրա թիմը տեղեկացրել են, որ այն բանից հետո, երբ բռնել են շնաձկանը, նա փսխում էր սատկած կենդանիներ ամբողջությամբ։

«Մենք ցնցված էինք մեր տեսածից։ Չէինք հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմել է Լյուբիցը՝ նշելով, որ կարող է միայն ենթադրել, որ շնաձուկը եքիդնային կուլ էր տվել, երբ վերջինը լողալիս է եղել կղզու սակավաջուր հատվածում։

Վագրակերպ շնաձկները ամենակատաղի տեսակներից են, դրանց երկարությունը հասնում է մոտ 15 ֆուտի (ավելի քան 4,5 մետր- խմբ.), եւ դրանք հաճախ կրիաների որսի են դուրս գալիս։