Միգրացիայի հարցի հետ կապված լարվածությունը մեծ է ամբողջ Եվրոպայում, քանի որ ուլտրաաջ կուսակցությունները, որոնք վերահսկողության խստացման կոչ են անում, հակառակվում են կենտրոնամետ ուժերին Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում կիրակի օրը, գրել է Reuters-ը։

Դիմակայությունն այս դեպքում լրացուցիչ աշխարհաքաղաքական ուղղվածություն ունի։ Լեհաստանը եւ Եվրամիությունը Բելառուսին եւ Ռուսաստանին մեղադրում են 2021 թվականից  քաոս սերմանելու մեջ՝ միգրանտներին դեպի սահման մղելով այն բանի շրջանակում, ինչը Վարշավան անվանում է «հիբրիդային պատերազմ»։ Մինսկը եւ Մոսկվան հերքում են այդ մեղադրանքները։

Ինչպես նշել է գործակալությունը, լեհ-բելառուսական սահմանը հիմնականում հատում են Մերձավոր Արեւելքից եկածները։

Լեհաստանի կառավարության տվյալներով՝ նրանց թիվը վերջին ժամանակներս ավելանում է։ Եվ Լեհաստանը վերջերս կորուստ է ունեցել. սահմանին պարեկող զինվորը մահացել է՝ վիրավորումներ ստանալով միգրանտների հետ մայիսի 28-ին տեղի ունեցած բախումների ժամանակ։

Ի պատասխան՝ վարչապետ Դոնալդ Տուսկի եվրոպամետ կառավարությունը հայտարարել է սահմանին նորից արգելիչ գոտի մտցնելու պլանների մասին։

«Ցավոք, այդ սահմանը անվտանգ չէ։ Այդ գոտու նպատակը երաշխավորելն է, որ ոչ ոք հարձակման չի ենթարկվի, այնպես, ինչպես ենթարկվում են լեհ զինվորները»,- Reuters գործակալությանն ասել է պաշտպանության փոխնախարար Պավել Զալեւսկին։