Լեհաստանի հարավի Սկարժիսկո-Կամեննա քաղաքի Mesko զենքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Զոհվել է գործարանի 59-ամյա աշխատակիցը, մեկ մարդ էլ՝ վիրավորվել, հայտնել է Euronews-ը։  

RMF FM ռադիոկայանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի կենտրոնում։ Պայթյունից հետո ծագած հրդեհը մարվել է։ Ռադիոկայանին տված հարցազրույցում գործարանի ղեկավար Էլզբիետա Սզրենյավսկան ասել է, որ Mesko-ում սկսել է հանգամանքները հետաքննող հատուկ հանձնաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել ներկայում գործող ընթացակարգերը և դրանց փոփոխման հնարավոր հանձնարարականները՝ առավելագույն անվտանգությունն ապահովելու համար։

Լեհական լրատվամիջոցները հայտնել են, որ Polska Grupa Zbrojeniowa SA պետական ​​ընկերությանը պատկանող Mesko գործարանն արտադրում է Piorun շարժական զենիթահրթիռային համակարգեր և տանկերի զինամթերք, որոնք մատակարարվում են նաև Ուկրաինային։

Վերջին շաբաթներին Լեհաստանում մի քանի խոշոր ենթակառուցվածքային հրդեհներ են եղել։ Մի քանի հոգի ձերբակալվել են դիվերսիա կատարելու կասկածանքով։ Լեհաստանի իշխանությունները չեն բացառել, որ դիվերսանտների գործողությունների հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները։