Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր` նոյեմբերի 22-ին, այցելել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունք, որտեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերանորոգումից հետո այստեղ ստեղծված պայմաններին եւ բաժանմունքի գործունեությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժանմունքը համալրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները եւ այլ վճարներն ընդունող էլեկտրոնային տերմինալով եւ համակարգչային տեխնիկայով: Նախկինում այստեղ անձնագրավարները գործառություներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների: Ներկայում բաժանմունք դիմած քաղաքացիներն սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների՝ ավելի արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանունքում աշխատանքները կազմակերպվել են ապակեպատ աշխատանքային խցիկներով՝ քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:
Իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման որակը եւ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:
Բաժանումքի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է 59 մլն 642 հազար դրամ:
Այս տարի արդեն իսկ վերակառուցվել են Նոր Նորքի եւ Աշտարակի անձնագրային բաժանմունքները, իսկ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերին կավարտվեն Ավանի անձնագրային ծառայության կապիտալ վերանորոգման աշխատանքները:




























