Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենք եւ ծանոթացել այստեղ իրականացվող գազիֆիկացման աշխատանքների ընթացքին: Շենքի բնակչությունը նախկինում դիմել էր վարչապետին՝ գազիֆիկացման խնդրանքով, սակայն այստեղ չէր թույլատրվում կատարել նման աշխատանքներ՝ նախագծային նորմատիվների խախտման պատճառով:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանի հանձնարարականի համաձայն քաղաքապետարանը կատարել էր ուսումնասիրություններ՝ խնդրի լուծման նպատակով:
Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել են շենքի հակահրդեհային եւ անվտանգության բոլոր նորմատիվները, վերացվել թերությունները, որից հետո էլ սկսվել են գազիֆիկացման աշխատանքները:
16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերի ընթացքում. այժմ ավարտվել են գազիֆիկացման աշխատանքների 70 տոկոսը:
Սա առաջին շենքը կլինի այս թաղամասում, որը կգազիֆիկացվի, քանի որ մյուս բոլոր շենքերը եւս դեռեւս չեն համապատասխանում գազիֆիկացման համար անհրաժեշտ անվտանգության պայմաններին:
Թաղամասի այն շենքերի բնակիչները, ովքեր համատիրությունների հետ միասին նախագծային տեսքի կբերեն իրենց շենքերը՝ առաջիկայում եւս կապահովվեն գազով:




























