Հանթեր Բայդենը մեղավոր է ճանաչվել բոլոր երեք հոդվածներով՝ թմրանյութերից կախվածություն ունենալու ժամանակ զենք գնելու և պահելու համար, հայտնել է CBS News-ը։
Դատարանը լսել է մի քանի կանանց ցուցմունքները Հանթեր Բայդենի՝ թմրանյութերի դեմ պայքարի մասին: Դատախազները կանչել են նրա նախկին կնոջը՝ Քեթլին Բուհլեին, նախկին ընկերուհուն՝ Զոի Քեստանին և Հալլի Բայդենին՝ նրա եղբոր՝ Բո Բայդենի այրուն, որի հետ Հանթեր Բայդենը՝ հրազեն պահելու ընթացքում ռոմանտիկ կապի մեջ է եղել։ Հենց Հալլի Բայդենն է Հնաթերի բեռնատարում ատրճանակն հայտնաբերել։ Նա ցուցմունք է տվել, որ Հանթեր Բայդենը 2018 թվականի հոկտեմբերին թմրանյութեր է օգտագործել, ատրճանակ է գնել, և դատախազները ցույց տվել են հաղորդագրությունները, որտեղ ասվում է, որ նա «քնում է իր մեքենայում և կրեկ կոկաին է ծխում»։
Սեպտեմբերին Հանթեր Բայդենին երեք հանցագործության մեջ մեղադրանք է առաջադրվել՝ դաշնային դատախազների առաջարկած գործարքը տապալելուց հետո հրազենով: Նա մեղադրվում է թմրամիջոցներից կախվածության ժամանակ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։
Դաշնային օրենքը թմրամիջոցների անօրինական օգտագործողներին արգելում է հրազեն պահել: Դատախազները պնդում են, որ ԱՄՆ նախագահի որդին ստել է թմրանյութ օգտագործելու մասին, երբ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին գնել է ատրճանակ, արագ լիցքավորող սարք և զինամթերք:
Երեք մեղադրանքներից երկուսը վերաբերում են փաստաթղթերին, որոնք Հանթեր Բայդենը լրացրել է ատրճանակ գնելիս: Հարցաթերթիկը ներառում է անձի դատվածությանն առնչվող հարցեր, արդյոք նա ի՞ր, թե՞ ուրիշի համար է զենք գնել, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման և հոգեկան առողջության վերաբերյալ տվյալներ:
Նա մեղադրվում է սուտ ցուցմունքներ տալու մեջ, երբ կեղծ հայտարարություն է արել թմրանյութեր չօգտագործելու մասին և ստել է զենքի արտոնագրված վաճառողին:
Երրորդ մեղադրանքը վերաբերում է նրա զենք պահելուն։ Դատախազները պնդում են, որ Հանթեր Բայդենը գիտակցաբար 11 օր զենք է պահել, քանի որ պայքարում էր արգելված թմրանյութերից կախվածության դեմ, ինչը դաշնային օրենքի խախտում է համարվում:
Բոլոր երեք մեղադրանքները համարվում են քրեական հանցագործություն։ Հանթեր Բայդենին սպառնում է առավելագույնը 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլար տուգանք:





























