Հինգշաբթի երեկոյան Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Գերմանիայի արևմտյան Մյունստեր/Օսնաբրյուկի օդանավակայան, որտեղից ուղղվել է Մարիենֆելդ քաղաք։ Հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ այնտեղ կտեղակայվի:
Մարիենֆելդի հյուրանոցներից մեկում, որտեղ տեղավորվել էին խաղացողները, նրանց դիմավորել է մոտ 6000 մարդ՝ ավելի շատ, քան ցանկացած այլ հավաքականի: Դրա գլխավոր պատճառը ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն էր։
«Դա անհավանական ընդունելություն էր: Օդանավակայանից մինչև [հյուրանոց] մտնելու համար մեզնից ավելի քան մեկ ժամ պահանջվեց։ Դա անհավանական էր: Այնտեղ կային պորտուգալացիներ, բայց նաև գերմանացիներ»,- ժամանելուն պես լրագրողներին հայտնել է Ռոնալդուն:
Ըստ Bild-ի՝ տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ուշ երեկոյան Պորտուգալիայի հավաքականի հյուրանոցում երկու 21-ամյա երկրպագուներ են ձերբակալվել՝ հանրության համար փակ տարածք մուտք գործելու համար: Այժմ նրանք հետաքննվում են։
Ըստ ամենայնի, երիտասարդ երկրպագուները ցանկանում էին մտնել Ռոնալդուի հյուրանոցահամար: Պորտուգալիան առաջին հանդիպումը կանցկացնի երեքշաբթի Չեխիայի հետ:




























