ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է ներգաղթյալներին աշխատատեղերը և պետական ռեսուրսները «գողանալու» մեջ՝ փորձելով Միչիգանի մարտադաշտում շահել սևամորթ ընտրողների և արմատական պահպանողականների ձայները, հայտնում է AP-ն։
«Սահմանն անցնող այդ միլիոնավոր մարդիկ, մեծ վնաս են հասցնում մեր սևամորթ և իսպանախոս բնակչությանը»,- հայտարարել է Թրամփը հազարավոր պահպանողական ակտիվիստների խանդավառ ամբոխին, որը հավաքվել էր հսկայական դահլիճում:
Ավելի ուշ, խոսելով ներգաղթյալներից կազմված դաժան խմբերի մասին, Թրամփը հայտարարել է, որ «նրանք մարդիկ չեն, նրանք գազաններ են»։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, սակավաթիվ նահանգներ կարող են ավելի կարևոր լինել ԱՄՆ նախագահական ընտրություններում, քան Միչիգանը, և սակավաթիվ ընտրական խմբերն ավելի կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համար, քան աֆրոամերիկացիները, որոնք 2020 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքական բազայի միջուկն են կազմել:
Սակայն այժմ, ընտրությունների օրվանից հինգ ամիս առաջ, սևամորթ ընտրողները 81-ամյա Ջո Բայդենի նկատմամբ հիասթափության չափավոր նշաններ են հայտնում:
Թրամփը փորձում է օգտվել իր ակնհայտ առավելությունից, նշում է լրատվամիջոցը։





























