Չորս մարդ զոհվել է, երկու մարդ համարվում է անհետ կորած հորդառատ անձրեւների եւ սողանքի պատճառով Չինաստանի արեւելյան Ֆուցզյան նահանգում։ Այս մասին տեղեկացրել է Global Times թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Ուպին գավառում, որտեղ գրանցվել են զոհերը, վտանգի գոտում են հայտնվել 47,8 հազար բնակիչներ։ Բացի այդ, այստեղ քանդվել են 378 շինություններ, մոտ 73 կիլոմետր ճանապարհ, լուրջ վնաս է հասցվել 880 հեկտար գյուղատնտեսական հանդակներին։

Նահանգի առանձին փոքր բնակավայրերում մեկ օրում տեղացել են ավելի քան 370 միլիմետր տեղումներ։ Չինացի օդերեւութաբանների գնահատմամբ՝ Ֆուցզյան նահանգում եղանակային ծայրահեղ երեւույթներ են գրանցվում։