Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը նախազգուշացրել է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի համար վտանգավոր հետևանքների մասին, եթե դադարեցվի օգնությունն Ուկրաինային, որը պաշտպանվում է Ռուսաստանի ագրեսիայից:
«Եթե չշարունակենք օգնել Ուկրաինային, վտանգ կա, որ Պուտինի զորքերը կկանգնեն Լեհաստանի հետ սահմանին։ Այդժամ պատերազմն արագ կտարածվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տարածքում»,- ասել է Բարբոքը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Դժվար է հաշվարկել, թե որքան պետք է վճարենք, եթե մենք ինքներս պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը։ Ի վերջո, դա հանգում է մեկ բանի՝ Ուկրաինային աջակցելը պատերազմը հեռացնում է մեզանից»,- ըստ DW-ի՝ ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է նաև փախստականների նոր հոսքի սպառնալիքի մասին։ «Եթե Ուկրաինան այլևս չկարողանա պաշտպանել իրեն (ես այս խոսքերն ուղղում եմ հիմնականում նրանց, ովքեր մերժում են Կիևին օգնությունը), միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փախչել: Ի վերջո, ո՞վ կցանկանա ինքնակամ ապրել խոշտանգումների և բռնազավթման պայմաններում»։ - հռետորական հարց է տվել Բուրբոքը: Ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի արդեն իսկ ապաստան է գտել Գերմանիայում։
«Պարտությունը ճակատագրական հետևանքներ կունենա ազատ Ուկրաինայի և ազատ Եվրոպայի համար, ուստի անհրաժեշտ է ընդլայնել Ուկրաինային օգնությունը»,- ընդգծել է նախարարը։ Նա կրկին հորդորել է գործընկերներին ամբողջ աշխարհում շարունակել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։





























