ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ոչ մի առաջընթաց չի գրանցել Իսրայելին F-15 կործանիչներ վաճառելու հարցում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ինչպես նշում է թերթը, ուշացումն ընդգծում է Բայդենի առջև ծառացած երկընտրանքը, որը պայքարում է սեփական կուսակցության ճնշման և հանրապետականների քննադատության դեմ։ Գազայի հատվածում պատերազմը դարձել է արտաքին քաղաքականության «ամենահակասական հարցերից» մեկը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Սպիտակ տան ճնշման տակ երկու ազդեցիկ դեմոկրատ օրենսդիրներ, որոնք դեմ էին հրեական պետությանը զենք փոխանցելուն, փոխել են իրենց դիրքորոշումը։ Հետևաբար, գործարքը դժվար թե արգելափակվի Կոնգրեսի կողմից և կլինի Իսրայելին զենքի ամենամեծ վաճառքից մեկը՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր։
Պետքարտուղարությունն այժմ պետք է ծանուցի օրենսդիրներին վաճառքի մասին, ինչն անհրաժեշտ պայման է գործարքի կնքման համար, սակայն վարչակազմը դեռ նման քայլի չի դիմել, նշում է WSJ-ը։





























