Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հինգշաբթի հայտարարել է, որ հետ է կանչում ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ դաշինքի գլխավոր քարտուղար դառնալու համար տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, հայտնել է Reuters-ը։

Ռումինիան կաջակցի Ռյուտեին և Ուկրաինային կտրամադրի իր երկու գործառնական Patriot հրթիռային համակարգերից մեկը՝ պայմանով, որ դաշնակիցներն այն փոխարինեն հակաօդային պաշտպանության համանման համակարգով, հայտարարել է Բուխարեստի պաշտպանության բարձրագույն խորհուրդը (CSAT), որը ներկայում նախագահում է Կլաուս Յոհանիսը։

Խորհուրդը որոշել է նվիրաբերել Patriot համակարգը հաշվի առնելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական համառ և զանգվածային հարձակումներից հետո Ուկրաինայում անվտանգության իրավիճակի զգալի վատթարացումը, ինչպես նաև… տարածաշրջանային հետևանքները, ներառյալ՝ Ռումինիայի անվտանգության ապահովման առումով: