Առնվազն 34 մարդ է մահացել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում թունահարույց մաքսանենգ ալկոհոլ օգտագործելու հետևանքով, հայտնել է News Minute-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել Կալակուրուչի շրջանում, որտեղ երեքշաբթի գիշերը ալկոհոլ օգտագործելուց հետո մի քանի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է։
Հոսպիտալացվել է առնվազն 80 մարդ, և պաշտոնյաները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Առայժմ երկու անձ ձերբակալվել է, կատարվում է լայնածավալ հետաքննություն։ Իշխանություններն անփութության համար միաժամանակ կասեցրել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և նահանգում ոգելից խմիչքի արգելքի կիրառման բաժնի 10 անդամների, որոնք մաքսանենգորեն ապօրինի ալկոհոլ են տեղափոխում նահանգ:
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ մաքսանենգները տեղի վաճառողի միջոցով Կալակուրուչիում թունավոր սպիրտ էին վաճառում։
Ամեն տարի ընդհատակյա թորման արտադրամասերից մաքսանենգ ալկոհոլ օգտագործելուց հետո Հնդկաստանում տասնյակ մարդիկ են մահանում: Մաքսանենգները հաճախ իրենց խառնուրդին մեթանոլ են ավելացնում՝ ալկոհոլի խիստ թունավոր ձև, որը երբեմն օգտագործվում է որպես հակասառեցման միջոց, ոգելից խմիչքի թնդությունն ուժեղացնելու համար:
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան:





























