Հյուսիսային Կորեայի զինվորները հունիսի 20-ին կարճ ժամանակով հատել են Հարավային Կորեայի սահմանը...
Հյուսիսային Կորեայի զինվորները հունիսի 20-ին կարճ ժամանակով հատել են Հարավային Կորեայի սահմանը եւ նախազգուշական կրակոցներից հետո վերադարձել իրենց տարածք։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության ԶՈւ շտաբների պետերի կոմիտեին։
Հյուսիսային Կորեայի զինվորները հունիսի 20-ին հատել են ապառազմականացված գոտու սահմանազատիչ գիծը տեղի ժամանակով ժամը 11.00-ին մոտ։ Հարավկորեական կողմը սահմանախախտներին տեղեկացրել, իսկ հետո նախազգուշական կրակոցներ է արձակել։ Կորեական ժողովրդական բանակի զինվորները վերադարձել են իրենց տարածք եւ շարունակել զբաղվել աշխատանքով ընդհուպ մինչեւ գիշեր։ Սեուլում չեն կարծում, որ սահմանի խախտումը միտումնավոր էր։
Սա երրորդ նման միջադեպն է մեկ ամսում, նախորդները տեղի են ունեցել հունիսի 8-ին եւ 18-ին։ Առաջին անգամ Հյուսիսային Կորեայի բանակի զինծառայողները իրենց հետ բահեր եւ քլունգներ ունեին, նրանց միայն մի մասն էր զինված։
Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան ապրիլից զինվորներ է ուղարկում՝ կառուցելու հակատանկային պատնեշներ հիշեցնող կառույցներ եւ կատարելու սահմանամերձ շրջանների ճանապարհների ամրացման աշխատանքներ։





























