Մոլդովայում որոշել են, թե ով է լինելու ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողը, իսկ նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Սանդուի աշխատակազմը։

Հունիսի 21-ին տեղի է ունեցել եվրոպական ինտեգրման Ազգային հանձնաժողովի նիստը՝ Սանդուի նախագահությամբ։ Հանձնաժողովի անդամները քննարկել են Մոլդովայի ընդհանուր բանակցային դիրքորոշումը Մոլդովա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։

Մոլդովայի բանակցային դիրքորոշումը ուրբաթ պետք է հաստատի կառավարությունը։

Բացի այդ, պետության ղեկավարը ստորագրել է հրամանագիր անդամակցության բանակցություններն սկսելու վերաբերյալ, իսկ եվրոպական ինտեգրման հարցերի գծով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան նշանակվել է Մոլդովայի գլխավոր բանակցող։

«Մոլդովայի Հանրապետությունը կատարել է Եվրոպական հանձնաժողովի բոլոր հանձնարարականները։ Այսպիսով, թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո, հունիսի 25-ին տեղի կունենա Մոլդովա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը կսահմանի անդամակցության մասին բանակցությունների սկիզբը»,- մեկնաբանել է Սանդուն։

Նա նաեւ ընդգծել է, որ Մոլդովան, որպես Եվրամիության անդամ, զարգացման միակ ուղին է, որը կարող է ապահովել խաղաղություն, բարեկեցություն եւ ավելի լավ կյանք բոլոր քաղաքացիների համար։

«Աշնանային հանրաքվեում Մոլդովայի Հանրապետության ժողովուրդը կորոշի, թե արդյոք դա երկրի զարգացման այն ուղին է, որը մենք թողնելու ենք ապագա սերունդներին։ Ես շնորհակալ եմ կառավարությանը կատարած աշխատանքի համար եւ մաղթում եմ հաջողություններ մեր պատվիրակությանը, որը կներկայացնի Մոլդովայի Հանրապետությունը Լյուքսեմբուրգում, պաշտոնական բանակցություններում»,- նշել է նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցությանը։

ԵՄ դեսպանների որոշումը նշանակում է, որ հունիսի 25-ին տեղի կունենա միջկառավարական համաժողով, որը կտա ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության պաշտոնական մեկնարկը։

Հունգարիան մշտական ներկայացուցիչների մակարդակով արգելակել էր որոշման ընդունումը՝ ասելով, որ «Ուկրաինան բավականաչափ առաջընթաց չի գրանցել ազգային փոքրամասնությունների հարցում»։ Բայց հավաստիացումներից հետո, որ իր պահանջները կներառվեն բանակցությունների շրջանակում, երկիրը հանել է իր վետոն։