Կիևում պայթյուններ են որոտացել։ Քաղաքի մերձակայքում և Կիևի շրջանում գործել է հակաօդային պաշտպանությունը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Կիևի շրջանի սեփական թղթակցին, Telegram ալիքներին և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Կիևի շրջանի բնակիչներ։ Հրթիռային հարձակում է։ Տարածաշրջանում գործում են ՀՕՊ ուժերը»,- նշվում է հաղորդման մեջ։
Հրթիռային գրոհի մասին հայտնել է նաև Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կիևում պայթյուններ են լսվում. հակաօդային պաշտպանության ուժերը աշխատում են շրջանում և մայրաքաղաքում։ Մնացեք ապաստարաններում»,- հայտնել է նա։
Ժամը 05:39-ին Կիևում և շրջանում օդային տագնապը հանվել է։
Կիրակի՝ հունիսի 23-ին, ժամը 05:00-ի սահմաններում Կիևում և մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել հարավից հրթիռային գրոհի պատճառով։
«Կալիբր» հրթիռները թռել են Նիկոլաևի շրջանով Կիրովոգրադի և Չերկասի շրջանների ուղղությամբ, ապա թեքվել դեպի Ժիտոմիրի շրջան, հետո շարժվել Կիևի շրջանի Վասիլկով քաղաքի ուղղությամբ։
Կեսգիշերին մոտ՝ օդային տագնապի ժամանակ, մի շարք պայթյուններ են որոտացել Խարկովի արվարձանում։




























