Շաբաթներ շարունակ տեղացած անձրևների հետևանքով ջրհեղեղը մարդկանց ստիպել է լքել իրենց տները ԱՄՆ Այովա նահանգի որոշ շրջաններում՝, մինչդեռ ԱՄՆ-ի մեծ մասն անհամբերությամբ սպասում է արտառոց շոգից ազատվելուն, հայտնում է AP-ն։
Տեղական ժամանակով ժամը 02.00-ին նահանգի Ռոք Վելլի քաղաքում, որտեղ 4200 մարդ է ապրում, շչակներ են հնչել, և հարյուրավոր տների բնակիչներին հրամայվել է լքել իրենց տները, քանի որ Ռոք գետն այլևս չի կարող դիմակայել տարածաշրջանը պատուհասած անձրևներին: Քաղաքում ջրմուղը չի գործել, քանի որ ջրհորներն անպիտան են դարձել։
Քաղաքապետ Քևին Վան Օթերլոն ասել է, որ նահանգային ուղղաթիռն ուղևորվել էր օգնության, սակայն հետ է կանչվել, երբ նավակները կարողացել են հասնել դժվար կացության մեջ հայտնված բնակիչներին:
Փակվել են մի քանի ավտոմայրուղիներ, ներառյալ միջպետական 29-ի առանցքային հատվածը Սու Ֆոլսից հարավ, որը հետագայում վերաբացվել է: Նահանգի ամենամեծ քաղաքում՝ Սու Ֆոլսում, երեք օրվա ընթացքում ավելի քան 17,7 սանտիմետր անձրև է տեղացել։
Միացյալ Նահանգների այլ շրջաններում սաստիկ շոգ է: Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ մոտավորապես 15 միլիոն մարդ նախազգուշացվել է բարձր ջերմաստիճանի մասին, ինչը նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է, ավելի ուշ համանման նախազգուշացում է ստացել ևս 90 միլիոն մարդ:
Փորձագետների վկայությամբ, անցյալ տարի Միացյալ Նահանգներում 1936 թվականից ի վեր ամենասաստիկ շոգն է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների AP-ի վերլուծությունը ցույց է տվել, որ սաստիկ շոգը հանգեցրել է ավելի քան 2300 մահվան դեպքի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 45 տարվա ընթացքում:




























