Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների ստեղծման խումբը (FATF) առաջիկայում կարող է Թուրքիային հանել կազմակերպության գորշ ցուցակից, տեղեկացրել է Hurriyet թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը կմասնակցի Սինգապուրում հունիսի 26-28-ին կայանալիք FATF նիստին, որտեղ քննարկվելու է Թուրքիայի վերաբերյալ կազմակերպության զեկույցը։ «Մայիսի սկզբին FATF տեսուչները փակ ստուգումներ են կատարել Թուրքիայում։ Դրանց արդյունքներով պատրաստվել է զեկույց, որտեղ նշվել է Թուրքիայի ձեռք բերած զգալի առաջընթացը փողերի լվացման դեմ պայքարում։ Եթե այս մթնոլորտը պահպանվի [FATF] հունիսի 26-28-ի հանդիպմանը, ապա մեզ գորշ ցուցակից հանելը ամենամոտ ապագայի հարց է»,- նշել է Hurriyet-ը։

FATF-ի ղեկավար Ռաջա Կումարը փետրվարին տեղեկացրել էր, որ վերջնական որոշման համար կպահանջվի արտագնա ստուգում։ 2019թ. հաշվեքննության արդյունքներով FATF-ը բացահայտել է թերություններ Թուրքիայում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում, եւ որոշվել է ուղղվելու ժամանակ տալ։ 2021թ. կազմակերպությունը երկրորդ անգամ տեսչություն է իրականացրել, բայց նորից թերություններ է բացահայտել, որոնք կարող են սպառնալիք պարունակել միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականության համար։ Այդ ժամանակ FATF-ն ավելացրել էր Թուրքիան իր գորշ ցուցակում, որը ենթադրում է կազմակերպության ուժեղացված մոնիթորինգ։

FATF-ը հիմնադրվել է 1989թ. եւ միջկառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է համաշխարհային չափորոշիչների մշակմամբ հանցավոր եկամուտների լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ իրականացնում է այդ չափորոշիչներին ազգային համակարգերի համապատասխանության գնահատում։ Թուրքիան միացել է կազմակերպությանը 1991թ.։