Իսրայելի՝ «Համասից հետո հաջորդ օրը» ծրագիրը կսկսի իրագործվել Գազայի հյուսիսում առաջիկա օրերին, երեքշաբթի ասել է երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, գրում է Times of Israel-ը։
Ելույթ ունենալով Ռայխմանի համալսարանում Հերցլիայի համաժողովում, Հանեգբին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծրագիրը «հստակեցվել է» վերջին շաբաթներին, և որ «մենք շուտով կտեսնենք այս ծրագրի գործնական իրականացումը»:
Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Թել Ավիվին այս հարցում՝ պնդելով, որ հետպատերազմյան պլանի բացակայությունը կհանգեցնի Գազայի մշտական օկուպացիայի կամ գոտու քաոսի, ինչը Համասին թույլ կտա վերստեղծել իր կառուցվածքը:
Այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ ճնշում գործադրեցին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի վրա: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գալանտի հետ հանդիպման ժամանակ «ընդգծել է այս աշխատանքի կարևորությունն Իսրայելի անվտանգության համար»։
Հանեգբին, ով անցյալ շաբաթ Վաշինգտոնում էր, Հերցլիայում համաձայնեց, որ «Համասի փոխարինման գործընթացի սկիզբը Գազայում երկարաժամկետ հաղթանակի բանալին է»։





























