Անսթափ վարորդը հարվածել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Չեքերսի քաղաքամերձ նստավայրի դարպասներին, նստավայրը գտնվում է Լոնդոնից ոչ հեռու, Բաքինգհեմփշիր կոմսությունում։ Այս մասին նշվել է Թեմզայի հովտի ոստիկանության հայտարարությունում։
«Սպիտակ Volkswagen Scirocco-ն հարվածել է դարպասին Չեքերսում այսօր, կեսօրից հետո։ Վարորդը՝ 44-ամյա մի տղամարդ Բաքինգհեմփշիրից, լուրջ վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել է, նա մինչեւ հիմա հիվանդանոցում է։ Մեքենայում ուրիշ որեւէ մեկը չկար։ Նա ձերբակալվել է վնաս պատճառելու կասկածանքով եւ անսթափ վիճակում մեքենա վարելու համար»,- ասված է հաղորդագրությունում։ Իրավապահ մարմինները նշել են, որ հիմքեր չկան կարծելու, թե վարորդը պատրաստվում էր վնաս պատճառել որեւէ մեկին։




























