Հնդկաստանի ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության  առաջնորդներից մեկը, Ներու-Գանդի ազդեցիկ քաղաքական կլանի ներկայացուցիչ Ռահուլ Գանդին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դարձել է խորհրդարանական ընդդիմության ղեկավար նորընտիր ստորին խորհրդարանում (Լոկ Սաբհայում)։ Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ ներկայացուցիչը, այս որոշումն ընդունվել է կուսակցության խորհրդակցությունում։

«ՀԱԿ ներկայացուցիչ Սոնյա Գանդին գրել է ժամանակավոր խոսնակ Բհարթրուհարի Մահթաբին՝ նրան տեղեկացնելով Ռահու Գանդիին Լոկ Սաբհայում ընդդիմության ղեկավար նշանակելու որոշման մասին»,- կուսակցության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Hindustan Times-ը։

ՀԱԿ-ն առաջին անգամ 10 տարում այս հեղինակավոր պաշտոնի իրավունք է ստացել։ Լոկ Սաբհայում 10 տարիների ընթացքում ընդդիմության ղեկավար չի եղել, քանի որ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն բավականաչափ տեղեր չի ունեցել, որոնք անհրաժեշտ են այդ պաշտոնն ստանալու համար։ Ընդդիմության ղեկավարը կարգավիճակով հավասարարժեք է կառավարության անդամին։

Հնդկաստանում հունիսի 4-ին ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկությունը բոլոր 28 նահանգներում եւ 8 միութենական տարածքներում տեղի է ունեցել 7 փուլով, որոնցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, վերջինը՝ հունիսի 1-ին։ Մասնակցել են ռեկորդային թվով ընտրողներ՝ 642 մլն մարդ։ Ընտրությունների արդյունքներով կառավարող Ազգային-դեմոկրատական դաշինքը՝ Հնդկաստանի ժողովրդական կուսակցության («Բհարաթիա ջանաթա փարթի») գլխավորությամբ, զբաղեցրել է 543 տեղերից 292-ը ստորին պալատում։