Երեւանում ցույցերի ժամանակ ոստիկանության բոլոր մարզային ստորաբաժանումները բառիս բուն իմաստով դատարկված էին կամ գտնվում էին կիսադատարկ վիճակում: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, «Մեդիա-կենտրոն»-ում «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով ասուլիսում հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը։

«Բոլոր ոստիկանական ուժերը կենտրոնացված էին մայրաքաղաքում՝ ցույցերի ընթացքը սպասարկելու համար: Դրա արդյունքում շատ կտրուկ փոփոխություններ ունեցանք հանցավորության աճի հետ կապված: Շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանության գործառույթների մեջ առաջնային նշանակություն ունեցող գործառույթը՝ հանցավորության դեմ պայքարը եւ դրա կանխարգելումը, ստորադասվում է իմ նշած նպատակներին:

Հանրության մեջ կա մտածողություն, որ երբ որեւէ դեպքի մասին բարձրաձայնվում է, ասում են՝ «դե մի բան արած կլինի, որ ոստիկանները նման վերաբերմունք են ցուցաբերել: Հնարավոր չէ, որ մի բան արած չլինի»: Այստեղ հստակ է, որ խոշտնգման արգելքը բացարձակ է: Այսինքն անկախ նրանից, թե քաղաքացին իրեն ինչպես է դրսեւորել, որեւէ պարագա չկա, որը կարդարացնի նրա նկատմամբ բռնարարաքների կատարումը»,- ընդգծեց փաստաբանը: