Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է թիվ 9432 օրենքը երկրում անգլերենի գործածության մասին, որն ընդունվել է Ռադայի կողմից հունիսի սկզբին, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ռադայի կայքին։ Խորհրդարանի կայքի տվյալների համաձայն՝ օրենքը այսօր՝ հունիսի 26-ին, նախագահի ստորագրությամբ վերադարձվել է Ռադա։

Ինչպես նշում է РБК-Украина-ն, Վլադիմիր Զելենսկին մեկ տարի առաջ Ռադա է ներկայացրել անգլերենի գործածության մասին օրինագիծ։ Խորհրդարանը երկրի ղեկավարի նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել է միայն այս տարվա հունիսի 4-ին։ Փաստաթղթով առաջարկվում է, որ անգլերենն Ուկրաինայում ստանա միջազգային հաղորդակցության լեզուներից մեկի կարգավիճակ։

Նաև, օրենքի համաձայն, այժմ Ուկրաինայում պաշտոնյաները, պայմանագրով ծառայող զինվորականները, միջին և բարձրագույն ոստիկանները և այլք պետք է անգլերեն իմանան։ Գիտելիքները կստուգվեն անվճար քննությամբ, որը կազմակերպում է ԿԳՆ-ն։