ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է, որ կօգտագործի ոչ ավանդական սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով դատապարտված նախկին զինվորականներին ներում շնորհելու իրավունքը, հայտնել է NBC News-ը:
Ըստ պաշտոնատար անձանց՝զինվորականները, ովքեր կբավարարեն որոշակի պահանջներ, կկարողանան ներման վկայականներ ստանալ և դիմել իրենց ստորաբաժանումներում զորացրման բնութագրերը փոխելու համար:
Բայդենը հայտարարել է, որ ակցիան ուղղված է բազմաթիվ նախկին զինվորականների նկատմամբ «պատմական սխալը շտկելուն, երբ նրանք դատապարտվել են նրա համար, որ պահպանել են իրենց ինքնությունը։
Համաներումը կտարածվի 1951-2013 թվականների ընթացքում ցանկացած հաստատված դատավճռի վրա, երբ Կոնգրեսը վերաշարադրել էր Ռազմական արդարադատության միասնական օրենսգրքի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քրեականացնող 125-րդ հոդվածը:
Վարչակազմի պաշտոնյաները չեն մանրամասնել, թե համաներումը քանի նախկին զինվորականների վրա կտարածվի, սակայն նրանց գնահատականներով հազարավոր մարդիկ են դատապարտվել այն դրույթներով, որով պահանջվել է, որ ոչ սովորական սեռական վարքի համար մեղավոր ճանաչված ցանկացած անձ ռազմական դատարանի վճռով պետք է պատժվի:
Համաներումը կտարածվի նաև մահացած զինվորականների վրա։
GLAAD շահերի պաշտպանության խմբի հունվարին անցկացված հարցումը ցույց է տվել, որ գրանցված ԼԳԲՏ ընտրողների 68%-ն աջակցում է Բայդենին, իսկ 15%-ը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:





























