ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չի հաջողվում նվազեցնել լարվածությունն Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահի» միջեւ։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով վարչակազմի ներկայացուցիչներին։
Վերջին մի քանի շաբաթներին Վաշինգտոնը զգալի բարդություններ է զգում Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանին դեէսկալացիայի հասնելու հարցում՝ դիվանագիտական ջանքերի օգնությամբ, նշվել է հաղորդագրությունում։ Իսրայելում ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշթեյնը փորձում է հասնել համաձայնության հրեական պետության հետ սահմանից «Հեզբոլլահի» ուժերի հետքաշման հարցում, սակայն մինչ այժմ՝ անհաջող։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ շիական «Հեզբոլլահի» մարտիկները մտադիր չեն դադարեցնել ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական ուժերը չեն դադարեցրել կրակը Գազայի հատվածում, բայց ԱՄՆ-ը եւ Իսրայելը լիովին հերքում են այդ գաղափարը։
Թերթը տեղեկացրել է, որ վերջին շաբաթներին «Հեզբոլլահը», որին Վաշինգտոնը համարում է ահաբեկչական խմբավորում, ավելացրել է հրթիռակոծումները եւ անօդաչուների գրոհներն Իսրայելիի հյուսիսում։ Պարբերականը ներկայացնում է իսրայելցի զինվորականների տվյալները, որոնց համաձայն՝ խմբավորումը այս ողջ ընթացքում արձակել է ավելի քան 5 հազար հրթիռ եւ անօդաչու Իսրայելի տարածքի դեմ։
Հունիսի կեսին իսրայելական բանակը հավանություն է տվել Լիբանանում հարձակման օպերատիվ պլանին։ Իշխանությունները հուսով են Գազայում գործողության հետ միաժամանակ հարված հասցնել «Հեզբոլլահին», որը, ինչպես եւ ՀԱՄԱՍ-ը, գործում է Իսրայելի դեմ՝ պարբերաբար գնդակոծելով հրեական պետության տարածքը հյուսիսից։





























