Անտիկիտերային մեխանիզմը՝ կոշիկի տուփի չափ ունեցող հնագույն սարքը, որն օգտագործվել է արեւի, լուսնի եւ մոլորակների շարժին հետեւելու համար, հետեւում էր հունական լուսնային օրացույցին, այլ ոչ թե արեւայինին, ինչպես կարծում էին նախկինում, եւ ինչպես ընդունված էր եգիպտացիների մոտ, նշված է նոր հետազոտությունում։
Անտիկիտիերային մեխանիզմը, որը գտնվել է հունական Անտիկիտերա կղզում 1901թ., ստեղծվել է մոտ 2200 տարի առաջ։ Սարքը երբեմն անվանում են աշխարհի հնագույն համակարգիչ։
Մեխանիզմի մասերից մեկը, որը հայտնի է որպես «օրացույցի օղակ», օգտագործվել է տարվա օրերին հետեւելու համար, մեկ խորշ մեկ օրվա համար։ Թեեւ օղակը վաղուց է հայտնի, այն պահպանվել է միայն մասամբ, ուստի հայտնի չէ, թե քանի օրվա պետք է հետեւեր։
2020թ. թիմը՝ անկախ հետազոտող Քրիս Բուդիսելիչի գլխավորությամբ, օգտագործելով սարքի նոր ռենտգենյան լուսանկարները մաթեմատիկական անալիզի եւ չափումների համադրությամբ, որոշել է, որ մեխանիզմն, ավելի շուտ, ընդգրկում է ոչ թե ամբողջ տարին ըստ արեւի օրացույցի, այլ 354 օր, ինչպես ընդունված է լուսնային օրացույցում։
Մեկ այլ աշխատությունում, որը հրապարակվել է The Horological Journal ամսագրում, ստացվել է նման արդյունք։ Գլազգոյի համալսարանի թիմը օգտագործել է վիճակագրական մեթոդները, որոնք ստեղծվել են Լազերային ինտերֆերոմետրիկ ձգողական-ալիքային դիտարանի համար՝ որսալու այն ալիքները, որոնք առաջանում են զանգվածեղ երկնային օբյեկտների բախումների ժամանակ, ինչպիսին են սեւ անցքերը։ Այդ վիճակագրական մեթոդները բավական զգայուն են, որպեսզի հայտնաբերվեն թույլ ազդանշանները պոտենցիալ առումով աղմկալի ֆոնին։
Երբ հետազոտողները կիրառել են հզոր վիճակագրական տեխնիկա Անտիկիտերյան մեխանիզմի հանդեպ, պարզել են, որ մեխանիզմը, ամենայն հավանականությամբ, ունեցել է 354 կամ 355 ճեղք։ Դա նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանել է 354-օրյա լուսնային օրացույցին, որն օգտագործել են Հունաստանում այն ժամանակ, այլ ոչ թե 365-օրյային, ինչպես հին եգիպտացիների մոտ։
Գիտնականները նաեւ ենթադրել են, որ մեխանիզմը կարող էր օգտագործել 365-օրյա եգիպտական արեւային օրացույցը, քանի որ այն ավելի ստույգ է, քան 354-օրյա լուսնային օրացույցը։





























