Շաբաթ օրը՝ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «գորշ գայլերի» ողջույնի ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») ռազմականացված խմբավորման խորհրդանիշը։ Նրանք ընդունում են ռասայական գերազանցության, հակասեմիտիզմի, հայատյացության և իսլամիզմի գաղափարախոսությունը։ ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։

Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել նրան:

«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս հարցը և կքննարկի պատժամիջոցների հնարավորությունը»,- գրել է Ֆեսերը: