Լոռիի մարզի Դարպաս գյուղում ճանապարհները կապող 2 կամուրջներ կան, սակայն երկուսն էլ վթարային վիճակում են: Նրանցից առաջինը` դեպի փայտամշակման արտադրություն բարձրացող կամուրջը, շուրջ 40 տարի առաջ է կառուցվել, երբեք չի վերանորոգվել եւ որի ճանապարհից բաժանող հենապատն ամբողջությամբ փլված է:
Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանի խոսքով, հորդառատ անձրեւների կամ ձյան հալոցքի հետեւանքով, եթե գետը վարարի ու ջրի մակարդակը բարձրանա, ամբողջությամբ կհեղեղվի կամուրջն ընդգրկող ճանապարհը: Այս պահին էլ, կամրջի հարակից ճանապարհի այդ հատվածը լցված է ջրով, մեքենաները երթեւեկում են հսկայական ջրափոսերի միջով:
Գյուղի մյուս կամուրջն ավելի վթարային ու խարխլված վիճակում է, համայնքապետի ասելով, կամրջի վրա անգամ հողային նստվածքներ կան: Դեռեւս Լոռիի նախկին մարզպետի օրոք, այս հարցը առաջնային անհրաժեշտության լուծման խնդիրներից է համարվել, բայց արդեն մոտ 2 տարի անց վիճակը նույնն է:
Սամվել Ավետյանի հավաստմամբ, ինքը բարձրաձայնում է կամուրջների վտանգավոր լինելու մասին, դիմել են ՀՀ կառավարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարության ժամանած մասնագետներն ուսումնասիրել են կամուրջները, կազմել նախահաշիվներ: Արդյունքում, խիստ վտանգավոր ու վթարային են ճանաչվել ոչ միայն Դարպաս գյուղի 2 կամուրջները, այլեւ հարակից ճանապարհը:
Համայնքի ղեկավարը նշում է, որ 30-ական միլիոն դրամ է հարկավոր ամեն կամրջի նորոգման, ու եւս 30-ական միլիոն` կամուրջներից բարձրացող ու իջնող 2 ճանապարհները բարեկարգելու համար: 2010-ին հարցը բարձրացնելիս ու գումարային չափը նշելիս, պատասխանատու մարմինները համայնքապետին պատասխանել են, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով բավարար գումարներ չկան`հարցին լուծում տալու համար:
Վերջում, Սամվել Ավետյանը ավելացրեց, որ Լոռիի նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղյակ է խնդրին, խոստացել է շտապ լուծում տալ, իսկ մինչ մարզպետի օժանդակությունը, Դարպասի 2 վթարային կամուրջներից ու անբարեկարգ ճանապարհներից շարունակում են օգտվել համայնքի բնակիչները:

































