Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը մշտապես աջակցելու վճռականության համար»։
«Ադրբեջանը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ինտեգրված եւ ներառական մոդելի կառուցման կողմնակիցն է՝ հիմնված նոր աշխարհաքաղաքական իրողությունների եւ արդարության վրա, առանց որեւէ բաժանարար գծի»,- նշվել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին ուղղված Ալիեւի շնորհավորական նամակում Անկախության օրվա առիթով։
«Ադրբեջանը՝ որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի եւ հինգ սկզբունքների նախաձեռնող, որոնք կազմում են դրա հիմքը, մշտապես ցուցադրում է քաղաքական կամք խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,- նշված է շնորհավորանքում։
Հիշեցնենք, որ տառացիորեն երկու օր առաջ Ալիեւը նոր պահանջներ էր ներկայացրել Հայաստանին՝ հայտնելով, որ եթե չփոխվի Հայաստանի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիր չի լինի։





























