Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ լքում է պաշտոնը հուլիսի 4-ի ընտրություններում իր Պահպանողական կուսակցության ապշեցուցիչ պարտությունից հետո:

Այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել է ուրբաթ օրը՝ Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրի մոտ տեղի ունեցած ճեպազրույցում, գրում է European Pravda-ն։

Սունակը վարչապետի պաշտոնում իր վերջին հայտարարությունն է արել։ Նա հաստատել է, որ շուտով կհանդիպի թագավոր Չարլզ III-ի հետ՝ պաշտոնապես ներկայացնելու իր հրաժարականը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը ներողություն է խնդրել ընտրողներից, ովքեր «հստակ ուղերձ են հղել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխվի»։

Սունակը հրաժարական կտա նաեւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։

«Այս արդյունքից հետո ես հրաժարական կտամ կուսակցության ղեկավարի պաշտոնից, բայց ոչ անմիջապես, այլ հենց որ ձեւական պայմանավորվածություններ ձեռք բերվեն իմ իրավահաջորդին ընտրելու համար»,- ասաց նա։

Սունակը նշել է, որ լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը, ով շուտով կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, պարկեշտ մարդ է։

«Ինչ էլ որ լինեն մեր տարբերությունները այս արշավում, նա պարկեշտ մարդ է, որին ես հարգում եմ», - ասել է Սունակը: