Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպային խաղաղություն է անհրաժեշտ, դա նրա համար ամենակարեւորն է, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպայի համար խաղաղությունը ամենագլխավորն է։ Գալիք կես տարում [ԵՄ Խորհրդում] մեր նախագահության գլխավոր խնդիրը մենք համարում ենք պայքարը հանուն խաղաղության»,- ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքերը շատ հեռու են միմյանցից, անհրաժեշտ է շատ բան անել, որպեսզի մոտեցվի հակամարտության ավարտը։ Նա տեղեկացրել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության ձեռքբերումը եւ դեպի այն տանող ամենակարճ ճանապարհը։

«Հակամարտությունն Ուկրաինայում սկսել է ազդեցություն գործել Եվրոպայի տնտեսության եւ նրա մրցունակության վրա»,- նշել է Օրբանը։ Նա խոստացել է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորման իր ջանքերը։