ԱՄՆ-ը որոշել է հետաձգել Վրաստանում NOBLE PARTNER ամենամյա զորավարժությունների անցկացումը պաշտոնական Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման հետ կապված։ Զորավարժությունները պետք է տեղի ունենային հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 6-ը։

«Որոշումը պայմանավորված է Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով ԱՄՆ եւ արեւմտյան այլ երկրների հասցեին Վրաստանի վրա ճնշում գործադրելու հետ կապված՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով, ինչպես նաեւ կառավարող կուսակցության դեմ պետական հեղաշրջման երկու փորձերին մասնակցության համար»,- նշվել է Պենտագոնի հայտարարությունում, տեղեկացրել է Ngnewsgeorgia-ն։

Վրաստանի ՊՆ-ում ի պատասխան հայտնել են, որ միջազգային զորավարժությունները, այդ թվում Noble Partner 2024-ը, շահեկան են ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, տեղեկացրել է «Online Грузия» պորտալը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Վրաստանին կապում են գործընկերային հարաբերությունները, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում, որոնք հիմնված են ընդհանուր շահերի եւ մեր երկրների նպատակների վրա։ ԱՄՆ ՊՆ հայտարարությունը անորոշ ժամանակով Noble Partner 2024 զորավարժությունները հետաձգելու մասին ափսոսանք է առաջացնում։

Միջազգային զորավարժությունները նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանը, զինծառայողների հմտությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։ Գոյություն ունեն փոխշահավետ համագործակցության ձեւաչափեր ԱՄՆ եւ Վրաստանի ՊՆ-ների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում։ Չնայած զորավարժությունների հետաձգմանը՝ վերոնշյալ ձեւաչափերը շարունակվում են, այդ թվում ընթանում է բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունների պատրաստությունը»,- նշված է հայտարարությունում։