Առավոտյան իսրայելցիները կրկին ցույցի են դուրս եկել ողջ երկրում՝ պահանջելով իշխանություններից արագ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ համազգային բողոքի օրվա շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ նշելով, որ հուլիսի 7-ին ուղիղ ինն ամիս է լրանում Իսրայելի վրա Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների հարձակումից։
Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 7-ի առավոտյան Իսրայելի 30 վայրերում, այդ թվում՝ 9 խոշոր տրանսպորտային հանգույցներում, հայտնում է պորտալը։ Ժամը 06:29-ին, ճիշտ այն պահին, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսեցին հնչել ազդանշանները՝ նախազգուշացնելով պաղեստինյան անկլավից հրթիռային հարձակումների և Գազայի զինված գրոհայինների Իսրայել ներխուժման մասին, հարյուրավոր ցուցարարներ հավաքվեցին 18 իսրայելցի նախարարների և պատգամավորների, այդ թվում՝ պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի և արտաքին գործերի նախարարության Իսրայել Կացի տների մոտ։ Նրանք պահանջել են շտապ գործողություններ իրականացնել պատանդներին ազատելու համար։ Բացի այդ, ցուցարարները հավաքվել են Իսրայելի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարի տան մոտ՝ պահանջելով, որ նա համընդհանուր գործադուլ հայտարարի՝ հնարավորինս արագ ընտրություններ անցկացնելու պահանջով, նշում է Ynet-ը։ Հուլիսի 7-ի երեկոյան Թել Ավիվում և Երուսաղեմում զանգվածային բողոքի ցույցեր են նախատեսված, գրում է The Times of Israel թերթը։
Հուլիսի 6-ի երեկոյան հազարավոր իսրայելցիներ կրկին մասնակցել են ամենշաբաթյա ցույցերին՝ երկրի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին և արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ամենախոշոր ցույցը սովորկանի նման տեղի է ունեցել Թել Ավիվում՝ քաղաքի արևելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի մոտ։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելում պարբերաբար ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն պատանդների։ Դրանցից ամենամեծը տեղի է ունենում ամեն շաբաթ երեկոյան Թել Ավիվում, ավելի փոքր ցույցեր են կազմակերպվում երկրի շատ այլ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Հայֆայում և Կեսարիայում:





























