Ոստիկանությունը խուզարկություն է կատարել «Հաղթանակ» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի առաջնորդ Իլան Շորի գրասենյակում, Կոմրատ քաղաքում, տեղեկացրել է Մոլդովայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնը։
«Կոմարտում, Շորի թիմի գրասենյակում, հուլիսի 9-ի առավոտյան խուզարկություն է կատարվել քաղաքական կուսակցության անօրինական ֆինանսավորման, փողերի լվացման եւ ֆինանսական հաշվետվությունների կեղծման գործով։ Ձերբակալվել է 6 կասկածյալ»,- նշվել է ազգային կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Քիշնեւի հարաբերությունները Գագաուզիայի հետ սրվել են այն բանից հետո, երբ ինքնավարության ղեկավարի ընտրություններում հաղթեց ընդդիմադիր «Շոր» կուսակցության ներկայացուցիչ Եվգենյա Գուցուլը։ Այդ ժամանակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնեց, որ քվեարկությունը տեղի է ունեցել խախտումներով, իսկ Մոլդովայի ոստիկանությունը Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրականացրեց խուզարկություններ եւ առգրավեց փաստաթղթերը։ Սակայն Գուցուլին համերաշխություն հայտնեց Գագաուզիայի խորհրդարանը, տարածաշրջանում տեղի ունեցան մի քանի զանգվածային ցույցեր՝ ի աջակցություն նոր ղեկավարի, իսկ Կոմրատի Վերաքննիչ պալատը հաստատեց ընտրությունների արդյունքները, եւ Գուցուլը ստանձնեց իր լիազորությունները։ Սանդուն չստորագրեց նրա նշանակման հրամանագիրը որպես Մոլդովայի կառավարության անդամի, ինչպես պահանջում է օրենսդրությունը։ Ավելի վաղ Մոլդովայի նախագահը հրաժարվել էր հանդիպել ինքնավարության նախկին ղեկավար Իրինա Վլախի եւ չճանաչված Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրանսոսելսկու հետ։





























