ՆԱՏՕ անդամ որոշ երկրներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում կորցնում են վստահությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ եւ պատրաստ չեն քննարկել երկրի հետ ռազմավարական հարցեր, քանի որ Բուդապեշտը հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ։ Այս գնահատականով է հանդես եկել Le Monde թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ «Բուխարեստի իննյակի» (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Չեխիա եւ Էստոնիա) ավելի մեծ թվով երկրներ են կարծում, որ Օրբանին հետ այլեւս չի կարելի «գաղտնի տեղեկություն կիսել» եւ «ռազմավարական քննարկումներ վարել» մի շարք հարցերի վերաբերյալ։ Սա կապված է այն բանի հետ, որ Հունգարիայի վարչապետը հաղորդակցության «բաց խողովակ» ունի Մոսկվայի հետ։ Ինչպես նշել է պարբերականը, «Բուխարեստի իննյակը» շուտով կարող է դառնալ «ութնյակ», եթե Հունգարիայի հանդեպ անվստահությունը խորանա։

Սակայն, ինչպես նշել է պարբերականը, միայն Հունգարիան չէ, որ անհանգստություն է առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Մասնավորապես, Գերմանիան եւս «զայրացնում» է ՆԱՏՕ գծով գործընկերներին իր «զսպությամբ» Ուկրաինայի օգնության հարցերում։

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման եւ խաղաղության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Ինչպես մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան դրական է գնահատում երկխոսության քաղաքական կամքը, որն իր այցով ՌԴ եւ Չինաստան ցուցադրել է Հունգարիայի վարչապետը։ ԵՄ-ում քննադատել են Օրբանի այցը Մոսկվա, բայց Հունգարիայի վաչապետն ինքը չի ընդունել Եվրամիության ղեկավարության քննադատությունը։ Նա հիշեցրել է, որ բրյուսելյան բյուրոկրատիան մինչ այժմ ոչինչ չի արել, որպեսզի կարգավորի հարաբերությունները հակամարտող կողմերի միջեւ։