Եթե Վրաստանը հեռանա կամ սկսի հեռանալ Արևմուտքից այլ ուղղությամբ, Արևմուտքի համար շատ դժվար կլինի Հայաստանին սատարելը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է լեհ քաղաքագետ Վոյցեխ Գուրեցկին։
Նա պարզաբանել է, որ նման փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ Արևմուտքը մուտք չի ունենա Հայաստան։
Փորձագետի գնահատմամբ՝ անգամ ներկա պահին այնքան էլ հեշտ չէ Վրաստանի միջոցով այդ կապը պահպանել։
«Եթե Վրաստանն իսկապես փոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, Հայաստանին սատարելու խնդիրը խիստ կբարդանա։ Արևմուտքը ցանկություն ունի աջակցելու Հայաստանին, բայց տեխնիկապես դա անելը շատ դժվար է լինելու»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետը պարզաբանել է, որ Վրաստանում նման փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ Արևմուտքից զենքի մատակարարումների վրա։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Երևանն ու Փարիզը Հայաստանին ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր էին ստորագրել։ Դեռ ավելի վաղ՝ 2023-ի հոկտեմբերին, Հայաստանն ու Ֆրանսիան պայմանագիր էին ստորագրել Thales-ի արտադրած երեք GM 200 ռադարների Երևանին վաճառելու մասին, միաժամանակ ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։
Միևնույն ժամանակ, ըստ Գուրեցկու, Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխության մասին դեռ վաղ է խոսել։
Լեհ փորձագետը դա բացատրել է նրանով, որ Թբիլիսին դեռ հայտարարում է եվրաինտեգրման մասին, այսինքն՝ դեկլարատիվ մակարդակում ոչինչ չի փոխվել։
«Արևմուտքում համարում են, որ Վրաստանում ընդունված օրենքները ձեռնտու չեն Արևմուտքի հետ Թբիլիսիի մերձեցմանը, առաջին հերթին դա վերաբերում է արտաքին ազդեցության մասին օրենքին («օտարերկրյա գործակալների մասին օրենքը»)։ Նման գործընթացները խոչընդոտ են Արևմուտքի հետ մերձեցման համար»,- ընդգծել է փորձագետը։
Նրա կարծիքով, խոսքերով վրացական իշխանությունները հավատարիմ են արևմտամետ կուրսին, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, և ամեն ինչ կախված կլինի հոկտեմբերին նշանակված ընտրությունների արդյունքներից։
«Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։ Արդյո՞ք ընտրությունները կլինեն արդար և ժողովրդավարական։ Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո։ Այս քաղաքականությունը կշարունակվի՞ արդյոք։ Կչեղարկվի՞ արդյոք «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Վրաստանում Եվրամիության ղեկավար Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել Վրաստանի՝ միությանն անդամակցելու գործընթացը և սառեցրել են Վրաստանին տրամադրված 30 միլիոն եվրոն։
Արամ Դանիելյան



























