Կրկին Երեւանում հանրահավաք է ու կրկին Գյումրիում քաղաքացիները դժգոհում են, որ դեպի Երեւան մեկնող միկրոավտոբուսները նորմալ չեն աշխատում: Գյումրիի ավտակայարանում հավաքված քաղաքացիները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ դեպի Երեւան առաջին միկրոավտոբուսն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մեկնել է անհամեմատ ուշ` ժամը 11:45-ին:
Ավտակայարանից այս տեղեկությունը ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են: Երեւան մեկնել կամեցող քաղաքացիներից շատերը հավաստեցին, որ ավտոկայարանում սպասում են վաղ առավոտից: «Աղջիկ ջան, ես երեւանցի եմ, այստեղ եկել եմ թաղման, հիմա կարող ես ասել, թե ինչու էսօր «ԳԱԶԵԼ» չկա: Սա ի՞նչ բան է, ես ի վիճակի չեմ տաքսու համար վճարել»,-NEWS am-ի թղթակցին դժգոգել է Երեւանի բնակիչ Սաֆիկ Սաֆարյանը:
«Ես գնում եմ, որ մեքենայի մաս պիտի բերեմ, էսօր պիտի հասնեմ ու հետ դառնամ, տաքսիով ո՞նց բերեմ էդ մասերը, հնարավոր չէ»,-իր հերթին դժգոհել է Գյումրիի Սայաթ Նովա փողոցի բնակիչ Ռուբեն Սահակյանը:
Շատ քաղաքացիներ էլ Երեւան էին մեկնում հիվանդանոց այցելելու համար: «Ես Դիագնոստիկ կենտրոն եմ գնում, իմ տղայի առողջությունն ամեն ինչից թանկ է ու ինձ բոլորովին չի հետաքրքրում հանրահավաք են անում, թե ինչ… Սա ինչ օրենք ու կարգ է, մնացել է օդներս էլ փակեն պրծնենք»,-ասել է Լենա Ղազարյանը, ով իր տղայի հետ մեկնելիս է եղել մայրաքաղաք՝ հիվանդանոց:
Քանի որ Երեւան մեկնող «ԳԱԶԵԼ»-ներ գրեթե չկային, սպասող քաղաքացիները չեն կարողացել նստել ժամը 11:45-ին հայտնված «ԳԱԶԵԼ»-ը եւ կրկին մնացել են Գյումրիի ավտոկայանում:
Կոշի բնակիչ Սիլվա Եսայանը խնդրել է «ԳԱԶԵԼ»-ի վարորդին իրեն Կոշ հասցնել, բայց մերժվել է: ««Իրեն բացատրեցի, որ Կոշ եմ գնում, մայրաքաղաք չեմ գնում, ոչ մի հանրահավաք ինձ չի հետաքրքրում, նույն գումարը կտամ, միայն թե մի կերպ տեղ հասնեմ: Ասաց չէ, նստարանները զբաղված են, ավել ուղեւոր չի թույլատրվում»,-դժգոհել է նա:
«Գյումրի» ավտոկայարանից NEWS am-ի թղթակցին չի հաջողվել իմանալ պատճառը, թե ինչու Գյումրիից Երեւան «ԳԱԶԵԼ»-ները չեն աշխատում: Պատասխանել են, որ տնօրինությունից ոչ ոք տեղում չէ, «մեկնել են Երեւան ժողովի»: Ենթակարգավարներն ու հերթապահ մասի աշխատակիցները առհասարակ հրաժարվել են խոսել, պատճառաբանելով, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է:
Հարցին, թե այսօր մինչեւ կեսօրվա դրությամբ քանի՞ «ԳԱԶԵԼ» է մեկնել Գյումրիից Երեւան, «Գյումրի» ավտոկայարանի հերթապահ մասից պատասխանել են՝ մեկ կամ երկու մեքենա:
Հավելենք նաեւ, որ ավտոկայարանից շարժվող տաքսի մեքենաների վարորդները որոշել են ուղեւորափոխադրման գինը 500 դրամով բարձրացնել: Երեւան տանել ոչ թե 2500 այլ` 3000 դրամով:































