Գերմանիան վերանայում է իր հարաբերությունները Վրաստանի հետ, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Փիտեր Ֆիշերը, հայտնել է SOVA-ն։

«Այսօր մենք միջոցառում ունենք, որը կազմակերպել է գերմանական քաղաքացիական հասարակությունը, որտեղ քննարկվելու է Եվրամիության ընդլայնումը։ Այստեղ ներկա են գերմանական խորհրդարանի երեք պատգամավորներ, եւ սա շատ կարեւոր թեմա է Վրաստանի համար, որովհետեւ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու է, բայց մենք մոտեցել ենք շատ բարդ պահի անդամակցության այդ գործընթացում։

Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության գործողությունների հիման վրա Եվրոպական խորհուրդը, որի մեջ մտնում են պետությունների եւ կառավարությունների 27 ղեկավարներ, որոնք որոշումներ են կայացնում ընդլայնման մասին, հունիսի 27-ին որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի միանալու գործընթացը։ Այժմ սա է Եվրամիության քաղաքականությունը, եւ դա շատ տխուր է, որովհետեւ ամեն բան կարող էր այլ կերպ լինել, մենք կարող ենք առաջ շարժվել շատ արագ, մենք ցանկանում ենք առաջ շարժվել, բայց անդամակցության գործընթացի արագությունը եւ որակը թեկնածուի ձեռքում են։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք եւս վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ինչպես գիտեք, մենք շատ լայն եւ խոր հարաբերություններ ունենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին մենք համագործակցության ամենախոշոր դոնորներից ենք Վրաստանի զարգացման նպատակով։ Մենք որոշել ենք որեւէ նոր պարտավորություն չստանձնել Վրաստանի առջեւ, ուստի նոր ֆինանսական պարտավորություններ Վրաստանի համար Գերմանիայի կողմից ներկա պահին չկան։

Գերմանական զինված ուժերը եւս չեղարկել են իրենց մասնակցությունը «Արժանի գործընկեր» զորավարժություններին։ Մենք չեղարկել ենք մեծ իրավաբանական համաժողովը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում անցած տարի եւ պետք է կայանար այս ամռանը Բեռլինում։ Մենք դիտարկում ենք հետագա քայլերը»,- ասել է Փիտեր Ֆիշերը։